Աշուն է, աշուն, ընթերցարան

Ընթերցարանում տեղ են գտել հայ բանաստեղծների ստեղծագործությունները աշնան մասին:

Կոմիտաս

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
      Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
      Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
      Աշուն ծնավ։​

Հովհաննես Թումանյան

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։

Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Համո Սահյան
Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:



 Համո Սահյան
Աշուն

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Վահան Տերյան
Աշնան տրտմություն

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ…
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ…

Համո Սահյան
Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Եղիշե Չարենց
Աշնանային

Արևն արծաթել է ամպերը թիթեղ.
Լույսից սփրթնել են ամպերը տեղ-տեղ։

Դանդաղ բարձրանում է արևն արծաթե —
Սառցի պես հալչում է երկինքը կաթե։

Ու պաղ հիացքով մի, կարծես թե իզուր,
Սահում են լույսերը սարսուռ առ սարսուռ։

Աշունը թափում է թերթերս հիմա,
Ու թոնը թրջում է արտերս հիմա։

Օ, սի՜րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՜ւր է.
Բոլո՜ր իմ հույսերը ջարդել ես հիմա։

Գարնա՛ն պես, ծաղկանց պես անցել է քո հուրը,
Ու հովը թաղում է վարդերս հիմա…

Վահան Տերյան
Աշուն է

Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին…

Եղիշե Չարենց
Աշունը դեղնաթուխ նստել է դռանը

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկըված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:

Մրսած ու կծկըված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է…

Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը —
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ…

Համո Սահյան
Անտառում


Անտառում ամպի ծվեններ կային,

Կապույտ մշուշներ կային անտառում.

Օրոր էր ասում աշունն անտառին.

Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն

Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….

Իրար փաթաթված ստվեր ու կածան,

Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին,

Հանգստանում էր հողմը բացատում՝

Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,

Թռչում էր իր մոր բառաչի վրա,

Եվ որսկանը թաց խոտերի միջին

Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում

Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,

Թեղին անտարբեր ականջ էր դնում

Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ

Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային

Եվ արձագանքներ կային անտառում,

Օրոր էր ասում աշունն անտառին,

Սակայն անտառի քունը չէր տանում։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started